ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ժամանակ չկա

Ժամանակ չկա
19.06.2015 | 21:10

Կոալիցիայի մասին բանակցությունները ձևեր թափելու և անիրականանալի պահանջներ միմյանց ներկայացնելու առիթ չեն: Մենք ժամանակ չունենք չնչին հաշիվներ պարզելու համար: Թուրքիան երեք չափազանց կարևոր դիլեմայի առաջ է: Կառավարությունը պետք է արագ կազմավորվի և անհրաժեշտ որոշումներ ընդունի: Եթե ոչ մենք, մեր փոխարեն կանեն ուրիշները: Իսկ մենք չենք հասկանա, թե ինչ կատարվեց: Հարցերից մեկը, որ պետք է հնարավորինս արագ լուծել, կապված է Թուրքիայի քաղաքական դիրքորոշման հետ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի լարված հարաբերությունների շրջանում: ՆԱՏՕ-ն որոշել է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Արևելյան Եվրոպայում: Անցյալ ամիս Կոնիայում անցկացված զորավարժություններից հետո հիմա Բալթիկ ծովում է պատերազմի շատ ավելի մեծ փորձարկում կատարվում: Այդ մանևրներն անվանել են «Սրի հարված»: Ռուսաստանը իր դեմ ուղղված որոշումների ընդունումից հետո որոշել է միջուկային զինանոցն ավելացնել 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Պուտինը հաշվարկում է հարվածել ԱՄՆ-ին՝ շրջանցելով Եվրոպա՞ն: Անհայտ է: Ակնհայտ է ռազմական լարումը: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որ նույնպես մասնակցում է զորավարժություններին: Եթե չխոսենք տնտեսության մասին, այլ՝ ռազմավարության, Թուրքիան շատ քիչ շանսեր ունի մանևրելու Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև: Իհարկե, Թուրքիան կարող է որոշակի զիջումների գնալ, բայց քանի դեռ չեն ստիպել որոշում ընդունել: Ընդհանուր հեռանկարն այդպիսին է:
Կարճաժամկետ հեռանկարում լուծում պահանջող հարց
Ընդհանուր պատկերի կարևոր մաս է, թե ում է նախընտրում Թուրքիան հարևան տեսնել Սիրիայում՝ ում է նախապատվություն տալիս սահմանից այն կողմ: Կա երկուսուկես տարբերակ: Առաջինը՝ ԻՊ և համանման արմատական-իսլամիստական կառույցներ, երկրորդ՝ կառույց, որի դեպքում իրենց կարգերը կհաստատեն ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), կեսը՝ կառույց, որ անվանվում է Սիրիայի ազատ բանակ: Ցանկացած տարբերակի ընտրությունը Թուրքիայից պահանջում է հաշվի առնել Դամասկոսի ու տեղական իշխանությունների ուժերի դասավորությունը, քանի որ խոսքը դեֆակտո բազում մասերի բաժանված Սիրիայի մասին է: Նույն վիճակն է Էրբիլում ու Բաղդադում: Ընդունենք, որ ամեն անգամ արմատական-իսլամիստական կառույցների ուժեղացումը նպաստում է Դամասկոսի դիրքերի ամրապնդմանը: Մյուս կողմից՝ վատ չես անվանի Դամասկոսի և YPG-ի հարաբերությունները: Այս պայմաններում՝ կարևոր է պարզել՝ ո՞ր սեգմենտները կարելի է Դամասկոսից պոկել և յուրային դարձնել, որոնց հետ՝ խաղաղ հարաբերություններ հաստատել և ուրիշ ինչ խաղացողներ կարող են խաղի մեջ մտնել այդ սեգմենտների և կենտրոնական իշխանության հարաբերությունները կարգավորելիս: Այս իրավիճակում, ակնհայտ է, որ Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ պայքարել ոչ ԻՊ-ի, ոչ Ասադի, ոչ YPG-ի հետ:
Միջնաժամկետ հեռանկարում լուծում պահանջող հարց
Ընտրությունը, թե ո՞վ է հարևանելու Թուրքիային, ուղղակի ներգործելու է փախստականների հարցի լուծման վրա, իսկ նրանց թիվը հասել է 2,5 միլիոնի: Այդ մարդիկ հեռանում են իրենց երկրից տարբեր խմբերի ճնշմամբ՝ ոմանք փախչում են ԻՊ-ից, ոմանք՝ Ասադից, ոմանք YPG-ից: Թուրքիան պետք է որոշի՝ որ խմբի գերակայությունը պայմաններ կստեղծի փախստականների վերադարձի համար: Բացի այդ՝ պետք է հաշվարկել, թե որ կառույցի ներկայությունը սահմանին հնարավորինս քիչ ռիսկեր կստեղծի երկրի ներսում հավասարակշռության համար: Ընտրություն պետք է անել արմատական իսլամիստների ու արմատական քրդական շարժումների միջև: Նույնիսկ բուֆերային գոտի ստեղծելու դեպքում մենք ունենք միայն այդ երկու տարբերակը: Որոշում ընդունելիս պետք է ճշտենք, թե այդ կառույցներից որն է վերահսկելի: Այսօր Թուրքիան ունի երկու կարևորագույն լծակ՝ ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն: Ռիսկերից որի՞ հետ մեզ կօգնեն պայքարել մեր ուժեղ կողմերը: Այս ամենը պետք է անել անհապաղ և հիշել՝ Թուրքիայում կան շրջանակներ, որ երազում են լցնել պարապը, որը կծագի, եթե քաղաքացիական ու քաղաքական կամք չդրսևորվի:
Բերիլ Դեդեօղլու, "Star gazete", Թուրքիա


Հ.Գ.
Նկատեցիք, չէ՞, որ Թուրքիայում առաջնահերթ համարված երեք խնդիրներից ոչ մեկը կապված չէ Հայաստանի հետ: Բայց կապված չէ առաջին հայացքից, իրականում Թուրքիա-ՆԱՏՕ-Ռուսաստան դիլեման շատ ուղղակի առնչվում է մեզ: Եթե Ռուսաստանը այս պահին ՆԱՏՕ-ին դիմակայելու համար ամրապնդում է իր եվրոպական սահմանները, Թուրքիայի հետ փոխադարձ չհասկացության դեպքում ամրապնդելու է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ԵԱՏՄ սահմանը ի հաշիվ Հայաստանի ու Գյումրու ռազմաբազայի: Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները միայն տնտեսական ու ռազմական չեն, բազում շերտեր ունեն, որոնք բոլորն էլ առնչվում են մեզ, որ հարևան ունենք Թուրքիային և ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Սկսած տնտեսական խնդիրներից մինչև ԼՂՀ հակամարտություն ու հայ-ադրբեջանական հարաբերություններ: Երկրորդ հարցը, որ առնչվում է Սիրիային, ուղղակի առնչվում է սիրիահայերին, ուրեմն և մեզ: Փախստականների վերադարձի հարցը Թուրքիային թողած՝ ԻՊ-ի ու արմատական իսլամիստների հետ թուրքերի փոխհարաբերություններում ցանկացած զարգացում կարող է վերաբերվել և մեզ, և մեր մյուս հարևան Իրանին: Այսպիսի պատկեր է հունիսի յոթից հետո, որի բոլոր զարգացումներին պատրաստ պետք է լինի ոչ միայն Անկարան, այլև մենք, որ, ուզենք-չուզենք, հայտնվելու ենք հետևանքների շրջագծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ